Mobile menu

 

 

 

НА СНИМКЕ: переводчик и автор предисловия Артавазд Сарецян

Վլադիմիր Ֆյոդորով

 

Անձրևի մեղեդին

 

Բանաստեղծություններ

Արտավազդ Սարեցյանի

թարգմանությամբ

 

ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿՈՂՄԻՑ

Ես երբեք չեմ եղել հեռավոր ու խստաշունչ Յակուտիայում, բայց նա այսօր անչափ մոտ է իմ սրտին ոչ միայն իր մեծ ու փխրուն ձյունով, սաստիկ սառնամանիքից պայթող խորքային լռությամբ. այս և նման անդրհյուսիսյան գեղեցկությունները բանաստեղծական շարք են դարձել դեռ անցյալ դարի 70-ական թվականներին, երբ ծառայում էի Խորհրդային զորամասերից մեկում. «Թումչա-յոկի՝ Մահվան գետ», «Ալակուրտտիի թզուկ կեչիներ», «Քարացած կանաչ խշշոց», «Ձմեռային անտառում», «Աշուն» և այլն։ Մի առանձին քնքշանք զգացի Յակուտիայի ու նրա ժողովրդի նկատմամբ, երբ մի քանի տարի առաջ պատահաբար իմացա, որ յակուտները երախտագիտությամբ են արտասանում իմ հայրենակից, սուխումցի Հրանտ Արամի Գրիգորյանի անունը, և 2019 թվականի ապրիլին հանդիսավոր նշելու են նրա ծննդյան 100-ամյա հոբելյանը։ Լրագրող և գրող Ելենա Ստեպանովայի (Պինիգինայի) վկայությամբ՝ Յակուտիայում բոլորն առանց բացառության մանկութ գիտեն այդ մարդու անունը։

Իսկապես, ո՞վ է Հրանտ Գրիգորյանը։ Նա ոչ միայն յակուտական երաժշտության դասական է, այլև յակուտական կոմպոզիտորական դպրոցի ու բազմաժանր երաժշտության հիմնադիրը։ Ահա թե ինչ է գրում նրա մասին Յակուտիայի ժողովրդական գրող, Սոցիալիստական աշխատանքի հերոս Դմիտրի Սիվցև-Սուորուն Օմոլլոոնը. «Նա յակուտական երաժշտության մեջ ավելի էր յակուտ, քան մենք՝ բոլոր յակուտներս, միասին։ Սա է յակուտների խորին շնորհակալության գաղտնիքը Հրանտ Գրիգորյանին – երգահանին ու մարդուն»։ Հիրավի, Հրանտ Գրիգորյանը բարեկամության կամուրջ դարձավ հայ և յակուտ ժողովուրդների միջև: Շնորհակալություն ձեզ, իմ թանկագին յակուտներ, որովհետև չեք մոռանում այդ մեծանուն մարդուն, հիշում եք նրա վաստակն ու գնահատում ըստ արժանվույն։

Իսկ վերջերս իսկական հայտնություն էր ինձ համար յակուտացի ռուս բազմաժանր գրող Վլադիմիր Ֆյոդորովի ստեղծագործությունը։

Թարգմանեցի նրանից մի քանի գործ «Երբ բառերը դառնում են աղոթք» գրքիս համար։ Եվ այդ աշխատանքը շարունակեցի... Սուխումի քաղաքային հիվանդանոցում՝ համադրելով հրաշալի բանաստեղծությունների գայթակղիչ ընթերցանությունը և դրանց օգտակար ու անհրաժեշտ թարգմանությունները,  որոնք էլ կազմեցին սույն ժողովածուն։

Այս աշխատանքը մեկ անգամ ևս համոզեց ինձ, որ հիրավի’ անսպառ են հայոց լեզվի հնարավորությունները: Հուսով եմ, որ ինձ` խոսքի համեստ մշակիս, հաջողվել է բնագրին առավելագույնս հարազատ մնալ, ինչին մեծապես նպաստել են նաև հեղինակի` մտքերն ու մտորումները հստակ ձևակերպելու վարպետությունն ու զգացմունքների խորությունն ընթերցողին հմտորեն ներկայացնելու կարողությունը:

Նաև ուզում եմ ասել, որ առանձին` այս անգամ տասնհինգից ավելի դեպքերում, օգտվել եմ հայոց լեզվի բառակազմական հնարավորություններից և օգտագործել երեխաներիս` վաղ մանկական հասակում «ստեղծած» բառերը, որոնք ներդաշնակորեն մտել են մեր թարգմանությունների մեջ: Հուսով եմ, որ խստապահանջ հայ ընթերցողն ըստ արժանվույն կգնահատի մեր ջանքերը նաև այս ուղղությամբ:

ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՐԵՑՅԱՆ,

Աբխազիայի և Հայաստանի

գրողների միությունների անդամ

 

 

***

 

Իմ նվիրական տետրեր թևանի՝

Մայրամուտին ուժ երկնային առած։–

Ո՛չ հանուն փառքի, ո՛չ հանուն շահի

Կերակրել եմ իմ ափերից նրանց։

 

Ես բաց եմ թողնում հուզված թռչելո՜ւ՝

Համրացած կապույտ անդունդի եզրին։

Եվ հավատում եմ. նրանք՝ կազմած չու՝

Հոգիս կտանեն աստղաբույլերին։

 

 

***

 

Նա ժայռերով վե՜ր՝ երկինք բարձրացավ,

ՈՒ դիպավ Աստվածն իր աջով նրան,

Որ սկսի երգն՝ ի վերուստ տրված,

Սակայն ավարտել ... չկարողանա՜։

 

Որ երգաչափի մեջ թեթև՝ ընկնի

Ինչպես Հրեշտակն՝ Աստըծո շավիղ,

Եվ անզգուշորեն այնպե՜ս նվիրի

Նրան կյանքը և հոգին իր նախկին։

 

Եվ հաջողության փշրա՜նք հավաքի,

Չակընկալելով մտքի բըռընկում,

Այլ տառապանքն իր բա՜ռ-բա՜ռ ամբարի

Իր՝ չքավորի՛ աստղատոպրակում։

 

Որ փշեպսա՜կ թագի՛ պես կրի՝

Անեղծական ցա՜վ ու հրճվա՜նք դեմքին,

Եվ ամբողջ կյանքում մի պոեմ գրի,

Բայց դա հասկանա լոկ վերջնակետին։

 

Որ նա թափառի՜ այս լույս աշխարհում՝

Բառամանրելով վերին բախտն ազնիվ,

ՈՒ բոլորի պես կորչի Լեթայում՝

Հավերժությանը հպվելով հազիվ։

 

 

***

 

Սուլում են նետերը Ապոլոնի՝ առանց դիպչելու,

Եվ չի բըռընկվում կրակը մինչև երրորդ աքաղաղ,

Ահա հանգերն իմ՝ գըզված-գըզգըզված,

                                              ագռավի հանգույն՝

Մռա՜յլ նստել են սյուների վրա բանաստեղծական։

 

Ահա մեջքն եմ իմ ուժատ խոնարհել թղթերի վրա –

Այսօր չե՛մ կարող պատռել կապանքներն աստղային հեռվի։

Իսկ ինչ-որ մի տեղ՝ հպարտ սեպի պես՝ իմ վերև ահա

Դեպ անմահություն են լողում երգերը ուրիշների։

 

 

 

***

 

Վաղուց է հայտնի մեզ այնքա՜ն հաստատ,

Որ պետք չէ հարցնել ոչ մի կախարդի.

Ինչքան պոետի համար լինի վատ,

Կլինի այնքան լա՛վ՝ նրա երգի՜...

 

Պոետին հասու է կամքն Աստըծո.

Արյամբ հատուցել իր բառի համար,

Որ երգերն աճեն տառապանքից խոր,

Այլ ոչ թե հյուսվեն ժանյակի նման։

 

Որ երես չտան անուրջներն հրկեզ՝

Հասցնեն աստղերին ու... շպրտեն վա՜ր,

Եվ բազմակետերն՝ արցունքների պես,

Էջ առ էջ այրեն տագնապներն արդար։

 

Եվ երբ կբռնի իր վերջին ճամփան,

Բարձրյալը մի բուռ Զվարթ բառ կտա

Ի խորոց սրտի՝ Լուսաջինջ Նրա՛ն՝

Իր Լավագույնին Ամենաընտրյա՜լ։

 

 

 

 

 

 

 

 

***

 

Թղթի վրա սև թանաքն է պառկում,

Կանչո՜ւմ, անիծո՜ւմ, պաղատո՜ւմ նորեն,

Որ վերջին տողում կարմիրով մաքուր

Հանկարծ արյունի հայտնությամբ փայլեն...

 

Ցայգին՝ խաչվածի պես դժգույն՝ քնե՜ց,

Երազում տեսավ Նրա՛ն անբասիր

Հանց բախտի պարգև ու երկնի անեծք –

Երջանկությունն ու Դժբախտությունն իր։

 

 

 

ԲԱԼԼԱԴ ՄՈՄԱԿԱԼԻ ՄԱՍԻՆ

 

Կինը կրա՜կ էր բռնել ձեռքերում,

Ծանըր թարթիչներն հոգնած իջեցրել։

Այդ հրդեհն էր մեր միջև երերում՝

Ոսկեջրելով էջերը թղթե:

 

Եվ տրոփո՜ւմ էր թարթիչներին հեզ,

Դեպի աստղեր ու լուսին սավառնում։

Ստվերներն էին՝ թռչնակների պես,

Թպրտում պատի վրա վարդագույն։

 

Թիթեռների պես հանգերը թևում՝

Եվ այրվո՜ւմ էին ցոլքերում վառման։

Մեր միջև դողում էր թելի հանգույն

Կապն այն՝ գիշերում կռահված հանկարծ։

 

Մայրամուտն այնպե՜ս էր այրում հոգին,

Կրծքին՝ վարսերի ալիքածփա՜նք...

Բայց նա մեղավոր չէ՛ր ամենևին,

Որ ընդամենը ... բըրոնզի՜ց էր նա։

 

Սակայն մեղավոր չէի նաև ե՛ս,

Մի՞ թե կարելի է ինձ մեղադրել,

Որ մի քիչ նման էր նա պարզապես

Կնո՛ջն այն, նմա՛ն էր նա մի թեթև՜...

 

 

***

 

Ոչ, ճիշտ չէ, ճիշտ չէ։

Ես ամենևին չե՛մ հորինել քեզ.

Հեռո՜ւ վայրերում,

Մի տեղ անծանոթ,

Քո ուրվապատկերն է լուսավորվում

Պատուհանի մոտ։

Դու ուրիշներին չես կանչում երբեք,

Ոչ մի ուրիշի երբեք չեն տա քեզ,

Եթե դու անգամ հազա՜ր տարի ինձ

Սպասելու լինես։

 

Եվ թռչում է իմ նժույգը հրակ

Եվ սմբակներով առկայծում կրա՜կ,

Գիսավոր աստղեր են սուրում չորս դիս՝

Ճանկըռտելով իմ դեմքը շարունակ,

Սակայն կախարդված քո աշտարակին

Չե՜մ կարողանում ոչ մի կերպ հասնել

Եվ ես ո՛չ մի կերպ չե՜մ կարողանում

Ընկնել քո ոսկյա առմուտքի առջև։

 

Ես հասցնում եմ քո

Ջրահոսին մի ակնթարթ հպվել,

Եվ Ծիր Կաթինն է նորից զըրընգում

Նժույգիս կայծակ սմբակների տակ։

Երևի այսպես պիտի սավառնեմ

Ես ամիսնե՜ր ու տարինե՜ր, դարե՜ր,

Եվ մասունքի պես

Փշրվե՜մ մի օր

Եվ ծարա՛վ մնամ

Հոգով իմ՝ մենա՜կ։

 

 

 

***

 

Պատուհանը իմ կբացեմ աշնան,

Որ ջերմությունն իմ հոգուց անցընի։

Եվ լուսինն՝ հուշի՜կ, մի կատվի նման,

Սեղանիս վրա հանկարծ կցատկի։

 

Կանցնի գրոտված թերթերով արագ՝

Լռելով վերին մեղեդին նորից,

Եվ վառարանի վրա կուչ կգա

Այնպե՜ս անտարբեր, անհաղորդակից։

 

Եվ կհասկանամ, որ կրկին, ավա՜ղ,

Չեմ հասել վեհին ու արտակարգին...

Եվ հավաքելով

       տերևաթափըս ափերում իմ պաղ՝ 

Հոգնա՜ծ կտանեմ աշնան կրակին։

 

 

ԱՆՁՐԵՎԻ ՄԵՂԵԴԻՆ

 

Ամբողջ օրը նա

Իմ պատուհանն է թակում անընդհատ,

Եվ ես շա՜տ վաղուց

Պիտի բարկացած լինեի հաստատ,

Բայց անձրևը՝ նա՜ - երգահա՛ն է մեծ,

Նա՝ լավագո՜ւյնն է համայն աշխարհում։

Եվ ինձ համար նա վաղ ցայգաբացին

Իրիկունների՛ կրակի հրաշք

Երաժշտությունն է ձայնագըրում,

Վերջի՛ն կրակի մեղեդին՝ Նրա՜

Բնակարանում։

 

Ես խնդրում եմ քեզ,

Իմ անձրև՛ շենշո՜ղ,

Թող լինի նրա մեջ առկայծող դո՜ղ,

ՈՒրվապատկերն այն՝

Թախծո՜տ ու մոլո՜ր,

Բաժանման գինու

Բաժակ՝ վարդագույն

Երազանքների սառցակըտորով։

Թո՛ղ լոկ չըհընչի

Մեղքը ոչ ոքի։

Խնդրո՜ւմ եմ՝

Պետք չի։

 

Էլ երկընքից սեր չակընկալելով,

Պիտի մեղեդին անձրևի երգեմ,

Աղոթքի՜ նման ես պիտի երգեմ՝

Մոռացած մյուս երգերը բոլոր։

Եվ իմ վարդագույն երազանքների

Կաթիլներից խոր

Տըտպահամ գինու բաժակից բոսոր

Նա՜ կհառնի վես՝

Առկայծելով ու դողալով հրկեզ։

 

 

***

Մեռնող կարապը երգում է իր երգը ամենալավ,

Մեռնող ծաղրածուն – նա ծիծաղելի է անհնարի՜ն:

Հեռացող պոետն էլ ասես դառնում է բարի կախարդ

Եվ նվիրական իր բառն է գտնում լոկ վերջնապահին:

 

Այդ բառն է փնտրել գիշերաժամին նա ամենասև

Եվ հասե՜լ նրան աստեղային մի ինչ-որ ժամանակ...

Բայց ... սպրդե՜լ է բառն այդ: Իսկ հիմա հլո՜ւ հանձնըվել`

Խրվե’լ է տողում` նշելով նրան հանճարեղությամբ:

 

Աշխա՜րհն է ցնցվում՝ սուզվելով երգի մեջ կախարդական,

Երկնքից հանկարծ  աստըղն է խուժում`

                                        լուսավորելով խցիկը մթին...

...Նա կգրի տողն ու թղթի վրա գրիչը կընկնի,

Եվ ոչ ոք երբեք չի՜ կարողանա բարձըրացնե՛լ այն:

 

 

***

 

Եվ ե՞րբ է, արդյոք, նման բան եղել,

Եվ ինչպե՞ս կարող էր պատահել դա,

Որ իմ հորինած կինը լուսեղեն

Մի օր հանդիպեց ինձ ճամփին հանկարծ։

 

Քանդակել եմ ես նրան գի՜ծ առ գի՜ծ,

Հորինել եմ ես նրան խա՜լ առ խա՜լ,

Աչքերը՝ երկու հաղարջահատիկ,

Աճեցրել հոգում իմ ամբո՜ղջ մի դար։

 

Ձյո՛ւն եմ հավաքել մաշկի համար նուրբ,

Վարսերի համար սանձել փոթորի՛կ,

Շուրթերի համար բալե՜ր գերհասուն

Բերել աստղային թափառումներից։

 

Այդ իմ արարած առեղծվածն ինչպե՞ս

Հանկարծ հայտնըվեց ինձ՝ մարմնավորվա՜ծ,

Գուցե տեսնելով տառապանքն իմ մեծ՝

Նրան գիշերվա մեջ կերտեց Աստվա՞ծ։

 

Կիրք ու քնքշանքի խտացո՜ւմ էր վեհ՝

Կինն, ում հորինել եմ ամբո՜ղջ մի դար...

Ավա՜ղ, այդ մանրուքը նա չգիտեր,

Եվ չնայելով ինձ՝ կողքով անցավ...

 

 

 

ԽԵԼԱԳԱՐԸ

 

Անհասկանալի հագուստով մի կին՝

                                     Անձրևի ներքո

Կեչիների տակ կըքանստած զգույշ,

Ձեռքերն է սուզում թոշնած խոտերում,

Եվ իր դեղնավուն տոպրակում կավոտ

Ճյուղերից ընկած

                     տերևներ է նա

                              հավաքում քնքույշ։

 

Կինն այդ խելագար

Շոյո՜ւմ է թեթև տերևներն ընկած

ՈՒ չի՜ ամաչում

Անցորդների խիստ ու կշտամբալից

Հայացքներից սուր...

 

Իսկ մի՞ թե այդպե՛ս

Մենք չենք հավաքում –

Անձրևների՛ տակ,

Արհամարհանքի՛,

Ցեխուկեղտի՛ մեջ –

Մեր նվիրական տողերը մաքուր։

 

 

ՄԱՐՏ

 

Դեռ արտասուքներն են քամուց սրբում

Ցարասիները գետնակողնակի,

Սառնամանիքներն են լուռ սըսկըվում

Բքահողմի հետ դարպասատակին։

 

Ոսկե փեթակն է արդեն բացվել լա՜յն,

Խոր հորձանուտում շարժվում է լոքոն,

Ճնճղուկն արծաթե գնդակի նման

Շփոթված ձմռան կուրծքն է խոցում խոր։

 

Տնապայն1 ինչ-որ բան է շշնջում,

Աքաղաղներն են ձայնակցում ծեգին,

Անտառաեզրն էլ գաղտնիք է շրշում,

ՈՒր երգն է թակում ձյան կճեպը պինդ։

___________

1Տնապայ – տան ոգի:

 

 

***

 

Այս տողերից չե՜ս կարող խուսափել.

Մեր մոլորակի ցանկացած անկյուն`

Իմ հյուսիսային մանկությունից ջերմ

Նրանց ակվիլոնն1 է իր հետ տանում։

 

Հանկարծ սավաննան2 կլսի հստակ,

Եվ ջունգլիները կընկալեն հանկարծ

Թիակալների երգը՝ միգապատ

Լենայի վրա՝ մինչև լուսաբաց,

 

Թե ինչպես հեծում չուն թռչունների,

Խոշոր տայմեններն3 են ինչպես խայտում,

Եվ ուրվականները օյունների4

Ինձ համար ասքի կծիկ են քանդում։

___________

1Ակվիլոն – հյուսիսային քամի:

2Սավաննա – արևդարձային տափաստան։

3Տայմեն – գետաձուկ։

4Օյուն – քուրմ, կախարդ։

 

 

***

 

Լենայի վրա արարեց Տերն ինձ,

Բուքուբորանի’, մըրրիկների’ մեջ,

Որ այս սահմանին Իր Տիեզերքի

Արթնացնեմ տայգան`հավերժորեն մեծ:

 

Եվ սուզեց Աստվածն ինձ անծայրածիր

Տարածության մեջ ռուսական հողի,

Որ ինձ ճանաչեն լեռնե’րը բարձրիկ,

Եվ արձագանքեն ծովե’րը հեռվից:

 

Հյուսիսափայլի տակ բորբոքելով

Բուքն աղաղակի առկայծումով լայն`

Նա երրորդ անգամ ինձ թաթախեց խոր

Հիշողության մեջ մեր հայրենական:

 

Հետո բարուրեց ինձ ձյունահողմով,

Բայց և ջերմության կաթիլով օծեց,

Որ շվիի պես ապրիլյան`մի օր

Հոգիս ընձյուղվի սառույցների մեջ:

 

 

ՊԵՊԵՆՆԵՐ

 

Վայրում, ուր ձմեռն է ամբողջ մարտին

Ձյունամըրրիկներ քշում շարունակ,

ՈՒր աստղիկներ են թառում ծառերին,

Եվ երգում է ձյունը ոտքերիս տակ,

ՈՒր լերանց հոգում առեղծվածնե՜ր պաղ

Ապրում են արդեն մի հազա՜ր տարի,–

Ես հաստա՛տ գիտեմ՝ ո՛չ պատահաբար

Աշխարհ եմ եկել ցայգին մի բարի։

 

Գուցե ծնել է ինձ մայրըս լուսաչ՝

Երկնի ափերից առնելով ներքև,

Իսկ գուցե ձմեռն է ինձ գցել ցած՝

Մոռանալով իր պարկը կարկատել։

Արթնացել եմ ես բըլրակի վրա

Աշխարհընկալման սիրով անհագուրդ

ՈՒ լա՜յն ժպտացել արևին հրակ՝

Խոր ներշնչելով երկինքը կապույտ։

 

Եվ ահա նստած պատուհանի մոտ՝

Հալվում եմ թաքուն լույս անուրջներից,

Եվ ժպտում է ինձ արփին իմ ծանոթ

Եվ ... պեպեննե՜ր է սոսնձում քթիս։

Պեպեննե՛ր իմ, դուք՝ իմ զվարթուկնե՜ր,

Ես անգամ մի՛ օր անձեզ չե՜մ ապրի,

Իմ ընկերներ ու ընկերուհիներ,

Ծաղրեցե՜ք դուք ինձ, ծաղրեցե՜ք բարի։

 

Վայրում, ուր ձմեռն է ամբողջ մարտին

Ձյունամըրրիկներ քշում շարունակ,

ՈՒր աստղիկներ են թառում ծառերին,

Եվ երգում է ձյունը ոտքերիս տակ,

Մոռացե՜լ եմ ես խաղ ու խաղալիք

Եվ ա՛յլ բաների մասին եմ երգում...

Բայց պեպեննե՛րն իմ, մա՛րտը և արփի՛ն

Լուսավորո՜ւմ են ինձ ամբողջ կյանքում։

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

 

Բակերն հարություն են առնում ի կյա՜նք՝

Զնգում մոռացված ծիծաղից կրկին,

Մենք զավակներն ենք ռազմական օրվա՝

Հպարտ և ուրախ այն ժամանակի։

 

Եվ թո՛ղ որ մի կե՜րպ ենք հագնվել, թո՛ղ

Ձյունահողմն է բաց կողերս խայթում,

Սակայն ջերմանում ենք՝ նորի՛ց փթթող

Մեր մայրիկների սիրով վարարուն։

 

Եվ թո՛ղ որ մեկ-մեկ երազո՜ւմ ենք մենք

Սառնաշաքարի մասին՝ բռա՛ն չափ,

Սակայն դեպ անհուն ենք սավառնում՝ վե՜ր,

Մեր հայրիկների ափերից արդար։

 

Եվ թո՛ղ մենք շուտո՜վ չենք իմանա, որ

Նրանց հետ մա՛րտ ենք անցել արնախում,

Սակայն մի վերին հիացմունքով խոր

Մեր շապիկներին մեդալ ենք կախում։

 

Ի՜՛նչ են մեզ համար ցավերն՝ անհարկի՜,

Երբ աշխարհում կա այսքա՜ն գարնան հևք։

Զավակնե՛րն ենք մենք Մեծ Հաղթանակի,

Մեծ Հայրենիքի՛ զավակներն ենք մենք։

 

 

ՍԵՎ ՀԱՂԱՐՋ

 

Երկնքից հեռու քո անտառն իջա,

Ողջո՜ւյն, հայրենի՛ք...

Քեզանից նշան էլ չկա այստեղ,

Անգամ լո՜ւյս չկա՛։

Աճել է փարթամ

Ձեռք չգիտեցած

Սև հաղարջն ահա։

Այնպե՜ս դա՛ռն է նա,

Այնպե՜ս դա՛ռն է նա,

Այնպե՜ս դա՛ռն է նա։

Ես շատ աշխարհներ

Օտա՛ր մշուշի միջով եմ անցել։

Այնքա՜ն բա՛րձր խոսք

ՈՒ ավելո՛րդ տող

Ձեռքն է իմ գրել։

Սև հաղարջն այստեղ

Ասես նեղացած

Դողո՜ւմ է ահա։

 

Այնպե՜ս դա՛ռն է նա,

Այնպե՜ս դա՛ռն է նա,

Այնպե՜ս դա՛ռն է նա։

 

Ինչպե՞ս է փակվել քո շրջանն հանկարծ։

Ի՞նչ է պատահել քեզ,

Իմ հայրենիք։

Գետն է ճղփացնում

Դեպ դարիվերափ՝

Տեսածի՛ր մեռյա՜լ։

Գնդակների՛ հետք ասես թե լինի

Իմ պատշգամբին

Սև հաղարջն ահա։

Այնպե՜ս դա՛ռն է նա,

Այնպե՜ս դա՛ռն է նա,

Այնպե՜ս դա՛ռն է նա։

 

 

ՏՆԱՊԱՅՆԵՐԸ

 

Սև հրվանդանից անդին, որտեղ կան

Եղևնիներ ու աստղեր բեկբեկուն,

Նրանք՝ խարույկի մոտ նստել հոգնած՝

Ինչ-որ մի տխուր երգ էին երգում։

 

Եվ թախծոտ ու հին երգից այդ զորեղ

Կո՜ւչ էին գալիս խոտերն անտառում,

Եվ ուրվականն էր գյուղի ինչ-որ տեղ

Տեսիլքի հանգույն դողում թիկունքում։

 

Եվ ինչ-որ մի տեղ գերեզմանոցում,

Տարիներո՛վ գո՜ց ու տերևածա՜ծկ`

Ստվերնե՛ր էին հառնում զույգ առ զույգ

Եվ գլխո՜վ անում՝ դառն ու տխրամա՜ծ։

 

Քամին էր ձայները տանում նրանց,

Քշում բների միջև ծառերի...

ՈՒրիշ բան չկա առավե՛լ հոգնած,

Քան երգերն անտուն տնապայների։

 

 

 

ՀԱՅՐԵՆԻՔ

 

Ատլանտիդայի պես իջավ հատակ՝

Կանաչ ու դեղին ծովընդերք անհուն։

Եվ իզուր լալիս է ռուս Իսիդան1,

Անտակ խոտերի վրա սավառնում։

 

Ո՛չ վեստ, ո՛չ նորդ-օստ չե՜ն պատռի երբեք

Փշե շղթաներն իմ հողի վրա,

Եվ միայն խաչերն են ճոճվում թեթև

Խորտակված նավի կայմերի նման։

 

Խոտանդունդներում անցյալն է սուզվում.

Այնտեղ՝ անտարբեր հատակին, նա իր

Հիշողությունն է անզոր աղերսում՝

Խորքերում՝ մարդկանց անհասանելի։

 

Ես այգաբացին կանչն այդ կլսեմ,

Սակայն թիկունքիս չե՜մ տեսնի նոր զորք,

Եվ խոտով խոցված կտուրին կընկնեմ՝

Ասես գեղարդի վրա անողոք։

 

Սրբապատկերի հանգույն կըխամրի

Երազն իմ՝ գիշերն հառնելու նորից.

Ես կրկին ծեծում եմ իմ գերանդին,

Խաչակնքվում ու գնում խոտհընձի...

 

_______

1Իսիդա – հնագույն աստվածուհի, կանացիության և մայրության եգիպտական ընկալման կատարելատիպ։ Օսիրիսի քույրն ու կինը, Հորի, համապատասխանաբար՝ նաև եգիպտական փարավոնների մայրը: Ստրուկների, մեղսագործների, արհեստավորների, ճնշվածների, մեռյալների, ինչպես նաև երեխաների հովանավոր աստվածուհի։

 

 

 

ՄԱՌԱԽՈՒՂ

 

Դեկտեմբերին Յակուտսկում ամենադժվարը 

շքամուտքից փողոց դուրս գալու

առաջին քայլն է։

Օտարերկրացի

 

Ես դուռն եմ բացում մեր շքամուտքի՝

Սառցասպիներով ծեփված անքանակ,

Եվ նորից սուզվում գլխովին թուխպի՝

Մառախուղի մեջ՝ անխիղճ ու ճերմակ։

 

Ինձ եղանակի տեսություն պետք չէ,–

Մշուշն ամեն ինչ կպատմի իսկույն,

Նրա քիփ գրկում, սուզանավի պես,

Բետոն-ժայռերի միջև եմ լողում։

 

Ցոլարձակներն են մարմրում թել-թել՝

Անզոր ցրելու մառախուղն անվերջ,

Որը ձեռքերով կարող ես բռնել

Եվ անգամ սեղմե՜լ ձեռնոցների մեջ։

 

Ասես Բարձրյալի կիրք լինի մի պարզ.

Երբ արդեն վաղուց հիսունն է անցել`

Կարող ես մեգը կտրատել մաս-մաս

Եվ փողոցներում շարքով դասդասել։

 

Իհարկե, չկա հաճելի մի բան՝

Քայլել մշուշում սառնամանիքոտ՝

Շղարշների մեջ միգամածության՝

Եվ... չճանաչե՜լ մուսաներին քո։

 

Նրանք ձև չունեն՝ հանգույն կոկոնի,

Անզոր շարժելով թևերն իրենց պերճ՝

Զրահի միջով իմ պատուհանի

Չե՜ն կարող ճախրել իմ երգերի մեջ։

 

Ավա՜ղ...

Սակայն կա հրա՜շք մի անէ

Միգամածության մեջ համատարած,

Երբ շնչառությունն է ձյուների հետ

Լողում՝ շաղվելով արծա՜թ առ արծա՜թ,

 

Երբ գիշերային լռության խորքում

Լսվում են հազի՜վ շրշյունը խոտի

Եվ պատասխանը աստղային հոգու՝

Մի ճերմակ շշուկ՝ անմեկի՜ն, մոտի՜կ,

 

Երբ յուրաքանչյուր քայլիդ տակ հուշիկ

Ձյունն է երգում՝ պա՜րզ, լուսե՜, դողերո՜ղ...

Եվ մոտենում է ձին ջրախումին՝

Ինքնաթիռի պես՝ հետքն իր թողնելով։

 

 

 

ՁՄԵՌԱՅԻՆ

 

Ես՝ մոռանալով գործեր ու մարմին,

Իմ մթին որջը քարշ կգամ մի օր,

Որ թույլ լացի տակ բուքուբորանի

Ձմեռային քուն մտնեմ անվրդով։

 

Վարագուրելով պատուհան ու լամպ՝

Մեղմ մըշմըշալով կքնեմ հանգիստ,

Եվ ցուրտ մեգի մեջ՝ իմ խորքից – ագա՜հ –

Արփու ջերմություն կքաշի հոգիս։

 

Անզոր հասնելու անդարդի՜ս քնած,

Քարավանների պես ծա՜նր ու դանդա՜ղ,

Ինչ-որ անհայտ տեղ կսահեն հոգնած

Ճերմակ մշուշներն՝ անզգա ու պաղ։

 

Սառնամանիքն էլ զո՜ւր կչարանա՝

Թաթերով պատերն իմ բախելով խիստ.

Կերազվի ինձ, ի հեճուկս նրա,

Կաղամախենու տաքուկ մոմը ձիգ։

 

Ամռան երեկոն կերազվի ինձ պարզ,

Կատվի նման մե՜ծ, գորովալի՜ց ու

Անվե՜րջ կլինի գերությունն իմ այս

ՈՒ քա՜ղցըր՝ մեղրի նման լաստենու։

 

Ես կմոռանամ օրերն իմ խառնակ,

Կմոռանամ այն սև գույնը չարի,

Եվ գիշերներն իմ

      կհոսեն դանդաղ դարերի նման

Անգրկելության մեջ տարիների։

 

Եվ համազարկը հալոցքի մի օր

Հավերժությունն այս պատռելով քնատ՝

Գեղգեղանքների անդրադարձով խոլ

Լուսամուտները կբացի գարնան։

 

Եվ սաստիկ կարի քամին մայիսյան

Քնագունդն իմ մեծ կցրի իսկույն,

Արփին՝ պատռելով լուսամփոփը ձյան,

Խենթաշռայլված կխուժի իմ տուն։

 

Եվ ես՝ քաշելով ծուռ բույրը գարնան,

Ինչ-որ ցնորքով պերճ ու հեշտագին,

Այն արջի նման՝ թաթերով բարակ,

Դանդա՜ղ ընդառաջ կգնամ կյանքին։

 

 

***

 

Հյուսիսն իմ դողում բուքից սաստկական,

Կոլոլվում է ու շրջանափակվում։

Ես այս կողմերից ո՛ւր էլ չգնամ`

Ցանկացած ուղին հարա՛վ է տանում։

 

Սառցակալե՜լ են Շեքսփիր-Ներուդա

ՈՒ պահել ձեռքերը մոխիրներում։

Ես այս կողմերից ո՛ւր էլ չգնամ`

Ցանկացած ուղին դեպ լո՛ւյս է տանում։

 

Մոռացված հրաշք մասնիկի նման`

Իմ արյունի մեջ արևն է նիրհում։

Ես այս կողմերից ո՛ւր էլ չգնամ`

Ցանկացած ուղին դեպ սե՛ր է տանում։

 

Եվ թո՛ղ մրսե՜լ է պատուհանն անգամ,

Խաչված սոճիներն են լուռ աղոթում։

Ես այս կողմերից ո՛ւր էլ չգնամ`

Ցանկացած ուղին դեպ քե՛զ է տանում։

 

 

 

***

 

Մենք ողջ ենք նորից քեզ հետ, իմ ընկեր,

Թեև զորքն է մեր նոսրացել մարտում...

Այնպիսի՜ անդորր է իջել ներքև,

Որ հրեշտակներն են լսվում երկնում։

 

Ամբողջ աշխարհում լռությո՜ւն է մեծ,

Անհաս բարձունք կա մեր երկնքում խոր...

Մենք էլ ենք անմեղ՝ մանուկների պես,

Քանզի հենց հիմա՛ ենք ծնվել, հենց նո՛ր։

 

Մենք կրկին հառնե՜լ ենք մարտից հետո,

Մեր հոգին մարմին է վերադարձել,

Պա՞յտն է նման բախտ մեզ բերել իրոք,

Թե՞, հաստատ, Աստվա՛ծն է դա կամեցել։

 

Վերևից ներքև, հանց ջրհորի մեջ,

Նայել-հաշվելով ուժը մեր զորքի՝

Հմուտ զորավարն է այս հանճարեղ

Պահեստազորում մեզ պահել նորից։

 

Երեկոյի մեջ աշնան չի քնել,

Այլ լոկ ննջե՜լ է պատերազմն անքուն։

Եվ ողջ մնացած փողահարն է մեր,

Հրեշտակն ինչպես երկնում, փողհարում։

 

 

 

 

***

 

Վրաեկն1 է իր կառքը գլորում

Մոսկովյան գորշեղ կամրջի վրա։

Նորից մեծ ձյուներն եմ ես կարոտում՝

Հոգնատա՜նջ այնպես ու խո՜նջ, Բարձըրյա՜լ։

 

Մռայլ իլոտի նման եմ քայլում

Մոմալույսի տակ մի ուրի՜շ՝ խռո՛վ,

Բոլոտնայայում ճահիճն է ճալթում,

Եվ վհուկներն են ճչում գիշերով։

 

Հրեղեն թռչունն աղբանոցում սև

Մեկի կարկանդակն է ագահ կտցում,

Քաղաքն է ոռնում՝ մի դժգոհ շան պես,

Բայց ստընտուի կոշիկը լիզում։

 

Մահաքուն մտած գմբեթներն ահա

Հաշտվե՜լ են ճղճիմ գռեհկության հետ։

Չկա ձյո՛ւն – չկա նաև Ռուսաստա՛ն,

Խեղճին կոխկըրտե՜լ են ցեխերի մեջ։

_______

1Վրաեկ – անձրև։

 

 

 

 

 

 

 

ՈՒՌԵՆՈՒ ՃՅՈՒՂԻԿ

 

ՈՒռենու ճյուղի՜կ, ուռենու ճյուղի՜կ,

Զատկական ձո՜ն է երկնքից հնչում,

Սիրելի աղջիկ, սիրելի աղջիկ,

Դու էլ ես նրա նման ճաճանչում։

 

Սիրելի աղջիկ, սիրելի աղջիկ,

Գուցե դո՞ւ էլ ես անհունից իջել:

ՈՒռենու ճյուղի՜կ, ուռենու ճյուղի՜կ,

Միայն քե’զ համար եմ ես արդ հառնել։

 

Սիրելի աղջիկ, գունադալո՜ւկ, հե՜զ,

ՈՒռենու ճյուղի՜կ՝ նրբադո՜ղ, անէ՜,

Սրբապատկերի՛, սրբահացի՛ պես

Դու տուն ես ճախրում`հրեշտակաթև՜։

 

ՈՒռենու ճյուղի՜կ, ուռենու ճյուղի՜կ,

Ես աշխարհն այսպես երբե’ք չեմ սիրել։

Սիրելի աղջիկ, սիրելի աղջիկ,

Ինչպե՜ս է Աստվածն ինձ օրհնատիրել։

 

 

 

 

ՍԱՆՆԻԿՈՎԻ ՀՈՂԸ

 

Եթե թռչունը հյուսիս է թևում,

ՈՒրեմն՝ պիտի հո՛ղ լինի այնտեղ,

Ձյուներից անդին՝ այգինե՛ր ծաղկուն,

Սառցաժայռերից անդին՝ բարդինե՛ր։

 

Այսպես համոզված՝ սառույցների մեջ –

Վերջ չկար նրանց – առա՜ջ էր գնում։

Եվ մի անգամ էլ հանկարծ նկատեց

Մի խորհրդավոր ուրվական հեռվում։

 

ՈՒ ձեռքի տակով նայելով՝ առաջ

Նա շտապեց. «Հո՜ղն է երևում իմ...»,

Բայց նրա ճամփան արգելեց հանկարծ

Սառցահալատեղն օվկիանոսային։

 

Նրա վրա հողն էր քմծիծաղում,

Թեև առել էր անունն իր վրա,

Լուծվո՜ւմ էր, հանց ծուխն էր քամուց շաղվում,

Բայց գիշերն ի լույս կանչո՜ւմ էր նրան։

 

Ինչքա՜ն են նրա հետքով գնացել

Դեպի հողն ըմբոստ՝ սառույցներում կույր։

Որտե՞ղ են, արդյոք, նրանք մնացել,

Ո՞ր տառապանքի ճիրաններում սուր։

 

Եվ որոշել են բոլորն՝ հող չկա՛,

Որոշել են, որ պատրա՜նք է միայն,

Բայց խորհրդավոր ուրվականն է հար

Հայտնվել նրան տեսիլքով գարնան։

 

Թո՛ղ ինձ նախատեն, սակայն ես պիտի

Հաստատե՜մ նորից համոզմունքն իմ մեծ.

«Եթե թռչունը թևում է հյուսիս,

Անպայման պիտի հո՜ղ լինի այնտեղ»։

 

 

ՈՍԿԻՆ

 

Նորից քնել չե՜մ կարող ես՝

Քնախո՛տ է շուրջն իմ թեև,

Եվ աշունն է թագուհու պես

Տայգյան բարակ տունն իմ մտել։

 

Թո՛ղ որ ոսկուց հուրհրա՜ նա

ՈՒ խարույկով դեղնածաղկի,

Բայց մեկն հյուսում ցրտից ոստայն

Անկյուններում կացարանիս,

 

Մեկն էլ ծառեր է օրորում՝

Լացով ցնցում գիշերը մառ

ՈՒ դիմացի ափից գոռում

Թռչունի պես՝ ուրի՜շ, օտա՜ր։

 

Վրանն ուռչում է տխրամած,

Ծանրահառաչ տունն է տնքում,

Գուցե ոսկու պատրանքին այս

Նա էլ արդեն չի’ դիմանում։

 

Ասես ճեղքվա՜ծ է իմ հոգին,

Դառն է ցայգն էլ այս թախծով խիստ,

Իմ ինչի՜՞ն է այս ողջ ոսկին,

Երբ դու չկաս այստեղ՝ կողքի՛ս։

 

 

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ

 

Ճերմակ հողմերի ձայնադարձի տակ

Նրանք սեղանի շուրջն են հավաքվում,

Հին լամպի աղոտ լույսով երիզված՝

Երգում են «ինչպես գնդակն է սուլում»,

 

Ինչպես ավարտվեց վերջին մարտը թեժ,

Ինչպես էր նրանց սերը ջերմացնում։

ՈՒ տալյանկայի1 կանչով բազմաստեղ

«Մեր լեցուն բաժակն» են բարձրացընում։

 

Եվ ինչո՞ւ էին այդ երգերը՝ մեր

Մանկական հոգին այնպե՜ս փոթորկում։

Երևի նրա համար, որ մենք էլ

Կռվից ենք եկել՝ հայրական ծոցում,

 

ՈՒ հայրերի հետ անցել հարձակման,

Դըզօտ պայթեցրել ու առել բարձունք...

Թե չըերգեին երգերն այս նրանք,

Մե՛նք երբեք չէինք լինի աշխարհում։

 

Ես ռազմի երգերը չեմ մոռանում,

ՈՒ որտեղից էլ չհնչեն նրանք՝

Այնտեղի’ց թռչող գնդակն եմ լսում,

Որը չի դիպել մեզ պատահաբար։

___________

1Տալյանկա – ռուսական միաշարք հարմոն:

 

 

***

 

Բըռնըված թռչնի պես է թպրտում

Առվակի ափին վրանը ճերմակ։

Այս գիշեր նորից տեսա երազում,

Որ պարաններն եմ արձակում նրա։

 

Թափահարելով թևերն իր՝ թեթև՜

Կպոկվի թափով օտար հողից այս,

Քամիների հետ կթռչի վերև՜՝

Արագիլների կափկափյունով պարզ։

 

Եվ թևանցելով հոգնությունն ամռան՝

Մենք կսավառնենք հարազատ վայրեր...

Բայց ցայգալույսից մի վայրկյան առաջ

Կիջնենք առվակի ծանոթ ափը մեր։

 

Մենք ուշքի կգանք տխո՜ւր ու շփո՜թ,

Եվ թոթափելով մեր կարոտն ազնիվ՝

Թռչունի հանգույն կցնցվենք խռո՜վ՝

Աշնան ծանրությամբ կքված՝ ավազին...

 

 

***

 

Իսկ ի՞նչ է պետք բանաստեղծին,

Որ տողն հասնի երկնակամար։–

Թուղթ ու գրիչ՝ ցայգաբացին,

Մայրամուտին՝ մի կտոր հաց։

 

Եվ մի պտղո՜ւնց հաջողության,

Բայց շա՜տ՝ փշո՛տ արահետներ,

ՈՒր կա առատ խուճապ ու ցավ,

Իսկ առավել՝ կորուստ ահեղ։

 

 

***

 

Եթե դու մրսես,

Ես կգրեմ մի տող,

Մի այնպիսի՜ ջերմ տող,

Որ կշոգե՛ս դու։

 

Եթե դու տխրես,

Ես գրեմ մի տող,

Մի այնպիսի՜ ուրախ տող,

Որ կծիծաղե՛ս դու։

 

Եթե դու մռայլվես,

Ես կգրեմ մի տող,

Մի այնպիսի՜ արևոտ տող,

Որ աչքերդ կկոցե՛ս լույսից։

 

Իսկ եթե դու մի օր հեռանաս,

Ես կգրեմ մի տող,

Մի այնպիսի՜ տխուր տող,

Որ ամբողջ աշխա՜րհը կարտասվի։

 

 

 

***

 

Գիտեմ, որ պետք չեմ ես ձեր աշխարհում,

ՈՒ կըսըփոփեմ իմ թախծոտ հոգին,

Որ իմ երգերն են ձեր տանը ապրում

Եվ պահպանո՜ւմ ձեր քունը կաթոգին։

 

Անտես սավառնո՜ւմ են նրանք օդում,

Ձեր գլխավերում կանգնում այնպե՜ս պերճ,

Եվ իրենք իրենց շշուկով կարդում,

Երբ ժպտո՜ւմ եք դուք երազների մեջ։

 

 

 

***

 

Մի վիրավորանք ունեիր դու խոր,

Մի վիրավորանք ունեի ես խոր,

Իսկ հետո նրանք միավորվեցին

Եվ մի համերաշխ ընտանիք դարձան։

 

Եվ շուտով ծնվել սկսեցին նոր

Եվ ավելի խոր վիրավորանքներ,

Փոքրիկ ու մանրիկ, սակայն լիովին

Ընդունակ շատ մեծ չարությունների։

 

Եվ հետզհետե ավելանալով՝

Մեզ համար տանը տե՜ղ չթողեցին։

Խայթո՜ւմ էին ու ծակո՜ւմ, կծոտո՜ւմ...

ՈՒ մի գիշեր էլ մեզ հանկարծ... կերա՜ն։

 

 

***

 

Պատուհանիդ եմ նայում մոռացված,

Որտեղ շրջում է հուշն այգում ջարդված,

ՈՒր անձրևով ձայնն է լվացվել քո,

ՈՒր ծածկվե՜լ է 

Զնգուն ծիծաղդ տերևաթափով։

 

Լոկ տարիների երկնքում խռով,

ՈՒր թռչուններ են հիմա թևածում,

Օծանելիքիդ հետքն ինվերսիոն

Մարմըրո՛ւմ է, բայց չի՜ տարրալուծվում։

 

 

 

 

***

 

Լեռ ու դեպքերից, արևամուտից

Աչքերն իմ հոգնե՜լ են աշնանադեմ,

ՈՒ պատրանքներից հետո գյուտերի

Թախծաշերտն է ինձ այցելել արդեն։

 

Եվ նա չի խաբվել իր սպասման մեջ՝

Լսելով տայգյան հառաչանքներն իմ,

Կեսգիշերին իմ քույրն է դարձել պերճ՝

Իմ անքընությունը հավատարիմ։

 

Հուշիկ հուշերն է նա խոր քըրքըրել,

Մտահոգություն և գործեր ու պարտք...

Մնացած ամեն ինչ ցրիվ տվել՝

Թողել է միայն մի մեծ տառապա՜նք։

 

Եվ հիմա հոգիս քամու հետ անտես՝

Սարսըռեցնելով անտառապային՝

Ծառի ճյուղերին թառած բուի պես

Ճչում է ինչ-որ բան մռայլածին։

 

 

ԾՆՈՒՆԴ

 

Այնտեղ, ուր խոտի բաշն է արծաթե

ՈՒ ոսկե՝ ամեն ավազահատիկ,

Այնտեղ մի օր իմ տատմերն է դարձել –

Ընդունելո՜վ ինձ – Գետ Լենան՝ Տատի՜կ1։

 

Իմ օրորոցն է նա՝ լուսնաերե՜ս,

Ողջ մոլորակին ի տես վեր հանել

Եվ թեթևաթև, մի թռչնակի պես,

Բևեռային վառ աստղերից կախել։

 

Եվ ինձ փաղաքշե՜լ է բուք-երգերով,

Ներշնչել կապույտն իմ աչքերի մեջ,

Եվ ճոճվե՜լ եմ ես ամբողջ երկնքով՝

Հարյուր դար առաջ ու հարյուր դար ետ։

 

ՈՒ թևածում էր ներքևում՝ այնտեղ,

Երիտասարդ ու հավերժ տոնի պես,

ՈՒթանկյուն2 հողն իմ՝ այնպե՜ս լուսահեղ,

Միջնաշխարհն իմ այդ՝ ցանկալի այնպե՜ս։

 

Եվ ծիծաղն էր իմ թռչում երկու կողմ,

Եվ պարանն ինձ հետ հասակ էր առնում,

Եվ վրան ծաղկած ագռավները գորշ

Բազենե՜ր էին իմ հոգում դառնում։

________

1Յակուտները Մեծ Լենա գետը սիրով ու հարգանքով անվանում են Տատիկ:

2 Հին յակուտների պատկերացմամբ՝ երկիրն ութանկյուն էր, ոչ թե կլոր:

 

 

 

***

 

Հորս՝ Նիկոլայ Ֆյոդորովին

 

Վշտից դառնացած՝

                      ողկույզներն է իր թափում սնձենին,

Բայց դու երդվեցիր մորդ՝ սրբելով աչքերը նրա.

«Ես մինչև Բեռլին կհասնեմ հաստատ,

                                                  կհասնեմ Բեռլին,

Եվ հաղթանակով, մա՛յր իմ, ե՜տ կգամ»։

 

Մայրն էր իր որդու համար աղոթում

                    սիբիրյան անքուն մութ գիշերներին,

Նրա հետ տայգան

                    «քո» գնդակներն էր քեզանից վանում,

Որ մինչև Բեռլին դու հասնես հաստատ,

                                                  որ հասնես Բեռլին,

Եվ ստորագըրե՜ս հենց նրա’՝ դաժան ոսոխի՛ սրտում։

 

Խրամատների կավը և սառցե ճահիճն է ճեղփին

Քո ընկերների հավերժ կացարանը դարձել պատվի,

Եվ ահա Բեռլին դու հասար հաստատ,

                                                    դու հասար Բեռլին

Եվ նրանց տեղն էլ դո՛ւ ստորագրեցիր

                                              Ռեյխստագի պատին։

 

Գարնան հետ դարձյալ ծաղկել է ճերմակ գույնով

                                                                  սնձենին,

ՈՒ նրա ներքո սփռոցով ճերմակ սեղան է բացվել,

Դու մինչև Բեռլին հասար, դու հաստատ

                                                      հասար մինչ Բեռլին,

Բայց քո մոր համար

                            կարևոր է, որ դու տո՜ւն ես հասել։

 

 

 

 

***

 

Իվան պապի հիշատակին

 

Դաշտը՝ մահացու վիրավոր, ձյունե

Վիրակապերի միջով էր շնչում,

Ռուսական թխկին ցավից ճկվում և

Անիծում էր իր ոսոխ-թշնամուն։

 

Ձեռքերում սեղմած նռնակը ամուր

ՈՒ ձյան փաթիլներ կոպերի վրա՝

Պառկել էր դեմքով դեպի մայրամուտ

Մի մե՜ծ ու այնպե՜ս ուժեղ տղամարդ։

 

Հավատում էր ու հաստատ գիտեր նա,

Որ Հաղթանակը կգա, բայց ինչո՞ւ

Չէր հիշում, որ ես պա՛պ չեմ ունենա,

Թեև մեր տունն էր տատերով լեցուն,

 

Եվ որ հաճախ իր ցավերի մեջ ջեռ

Եվ մեծ փորձության պահերին անհուն

Պիտի տատ Դարյան խորունկ հառաչեր.

«Այ պա՜պը եթե վերադառնար տուն...»:

 

 

ԿՈԼԻՄԱ

 

Խելքից պատուհա՜ս, պատուհաս խելքի՜ց,–

Ինչպես բանաստեղծն է մի օր ասել։

Հիշողության պես հոսում է հեռվից

Կոլիման սգո ժայռերի միջև

 

Եվ դեպ արևե՜լք, ուղիղ արևե՜լք

Լավագույն մտքերը տանում-քշում։

Այստեղ ամառվա՛ ժամկետն է թեթև՜,

Իսկակա՜ն ժամկետ ձմե՛ռն է քաշում։

 

Անսահմանությամբ սառույցն է կքում,

Եվ կաղամախի՛ ջարդում, բարդինե՛ր,

Արտասուքներն են կեղևապատվում

ՈՒ զվարճացնում դահիճներին նեռ։

 

Ոխաքեն չարն է՝ էտապ առ էտապ,

Տանում սպանդի՜, տանում սպանդի՜,

ՈՒղեկցորդների ոհմակն էլ հարբա՜ծ՝

Խոր թաթահետք է թողնում գիշատիչ։

 

Նագանի՜ վրա, ուղիղ նագանի՜

Լույս ճակատներ են կիտվում-կուտակվում,

ՈՒղեթողանցքը կփոխարինի

Նրանց դագաղներն անքանակ ու բյուր։

 

Նողկա՜նք է տիրում փշալարից դուրս –

Այստեղ «գեղեցի՜կ» է նրանց համար

Եվ իշխանությունն է կոլիմյան «սո՜ւրբ»,

Ով Քըրիստոսին խաչում է դարձյա’լ։

 

Խելքից պատուհա՜ս,

                           խելքից պատուհա՜ս,

Դանակի՜ վրա նրան, դանակի՜...

Գիշերն է տնքում

                         Սև սեղմըվուկն1 այս,

Դեղին սեղմըվուկն է լալիս

                                            ցայգին։

__________

1Սեղմըվուկները ժայռերում խոռոչված  «Կոլիմա» մայրուղու ամենավտանգավոր հատվածներն են։  Պոկվելով նրանցից՝ այստեղ բազմաթիվ վարորդներ և կալանավորներ են զոհվել։

 

 

 

 

***

 

Ես վերադառնում եմ ետ՝ դեպի ի՜նձ,

Մերձլենյան ժեռուտ աշխարհն սպիտակ,

Որ սառնամանիքը զատկամուտին

Սրտանց համբուրի ինձ երեք անգամ։

 

Վերջնաժամկետիս կդառնամ պոետ,

Որ տող չի գոչում իր վազքապահին,

Ճգնավորի պես խոր լռության մեջ

Կապրեմ մշտակա սառուցյալ ափին։

 

Հեռո՜ւ կգնամ խորթ առօրյայի՛ց,

Տոների՛ց՝ դեպի թավախիտ անտառ,

Եվ հյուսիսային սառած երկնքից

Կհանեմ գունատ լուսնի դափը պաղ։

 

Հոգիս կլարեմ ես բարձրաշխարհի՜ն,

Ցած՝ գազանների՛ն մարմինըս նետած։

Եվ լուռ կլսեմ գիշերաժամին,

Թե ինչպե՛ս է դափ նվագում Աստված։

 

 

***

 

Ես չե՜մ նեղանում երկնքից արդեն,

Պատշաճը պիտի հատուցել նրան։

Ես այսօր տեսա, որ Ռուսիայում մեր

Ամեն ոք ունի իր աստղը վառման։

 

Որքա՜ն են նրանք – և՛ փոքըր, և՛ մեծ –

Երկունքվե՜լ քնատ լուսընկայի տակ –

Մերթ՝ սառնափայլ, մերթ՝ ալ-մռայլատես,

Մերթ՝ շլացուցիչ սուրբ ճերմակությամբ։

 

Մարդկային հոգու բարձունք են նրանք,

Իղձե՛ր են նրանք, տառապա՛նք և սե՛ր,

Որ ծանրության տակ անտարբերության

Չեն կարողանում համբառնալ վերև՜։

 

Ճերմակն ալի հետ – թախծո՜տ-գեղեցի՜կ,

Խոսքն է մարմրում դաշտերում հեռու,

Ռուսիայի սրտում փայլո՜ւմ է վերձիգ

Ծիր Կաթինն ահա՝ սուզված ձյուներում։

 

 

***

 

Ճերմակ գիշեր է իջել Լենայի վրա կապտածոր,

Զիլ շչոցներով նավերն են կանչում

                                                    հեռուներ անծայր,

Սակայն աշխարհն ու Տիեզերքն ամբողջ

                                                        ես կտամ այսօր

Հողի հեռավոր՝ այնքա՜ն փոքրիկ այս կտորի համար։

 

Մանկական ափով նորից կչարփեմ1 երկնքի մի բուռ

Եվ ավազների վրա կդաջեմ բոկոտըն հետքեր,

Բարկ արեգակից հուրվող այս շաղվով

                                                      կքայլեմ մաքուր,

Լուսավոր-բարի՝ աշխարհի չարը չգիտակցած դեռ։

 

Իմ փորթոլոզիկ2  մանկություն տայգյան,

                                                     որտե՞ղ ես հիմա,

Ո՞Ւր ես լըղործել3 մատների միջով բյուր տարիների։

Պատասխան չկա, և լոկ եղածի թախծահեծ նոտան

Հնչո՜ւմ է երկար հիշողությամբ վեհ՝

                                                    այնպե՜ս անթերի։

 

Էլ ոչ ոք երբեք անցածն ինձ արդեն

                                                   չի՜ վերադարձնի –

Կանչես չկանչես – կպատասխանեն

                                                 արձագանքով պերճ

Անտառում սուզված ճերմակ աստղերը

                                                    լույսով առանձին,

Եվ ճերմակ պատրանքը՝ կորած սիրո

                                                    բաժանումի մեջ։

__________

1Չարփել - առնել։

2Փորթոլոզիկ - ժիր, կայտառ։

3Լըղործել - հոսել, սահել։

 

 

***

 

Աշնան շեմից անդին

անէն է լայն բացվում,

ուր մի վերջին հույսով

կռունկներն են թևում։

Աշնան շեմից անդին

երկինքն է տարածվում,

և ուղիս է հողից

դեպ կապտահեղ գնում։

 

Աշնան շեմից անդին

թախիծն է թևածում,

բայց երկնային հեռուն

հասու է ինձ արդեն։

Հասո’ւն օդի միջով

ես իմ շեմն եմ անցնում,

որ երամիս հասնեմ

անշտապ ճախրով թեթև։

 

Աշնան շեմից անդին

մարմըրելով դալուկ՝

ցարասին է բռնել

մոմալույսն իր լուսե։

Աշնան շեմից անդին

Ռուսիա՛ն է մորմոքուն,

Արձագա՛նքն է նրա

ՈՒ մի պտղունց էլ՝ սե՜ր...

 

 

ՀԱՄԱՐՆԵՐԸ

 

«Դուք այս համարները պիտի ջնջեք

ՈՒ խզեք նրանց հետ կապերն իսկույն...»:

Բայց համարներն այս ախր դեռ երեկ

Իմ ընկերներն են եղել լավագույն:

 

ՈՒ զանգում էին ինձ անժամանակ`

Տեղի-անտեղի` ցանկացած պահին,

Իսկ այսօր ահա լռե՜լ են նրանք`

Իրենց հեռացման թվի պես մթին:

 

Ես չեմ մոռանա կյանքում երբևէ,

Ո՜նց էինք թախծում ու երազում ջեռ,

Հավատո’ւմ եմ, որ մեր միջև մի թել,

Թեկուզև բարակ, մնացել է դեռ:

 

Եվ տարիներից` ժամանակից վեր,

Երբ երկնքում եմ հոգով սավառնում,

Ինձ այնպե՜ս ծանոթ հնչում է` բարև՜,

Եվ ես լսափողն եմ փութով առնում:

 

Խոսքի պատառներ եմ փորձում որսալ

Գիսավորների ճայթյուններից սին,

Ես չե’մ հեռացնում թանկ համարներն այս.

Ո՞նց կհայտնեմ մեր հանդիպման մասին,

 

Նրանց ուրախ տունն ինչպե՞ս կգտնեմ

Այս մեծ ու օտար Տիեզերքում հեգ...

Թող որ համարներն այս հետո’ ջնջեն՝

Միաժամանակ իմ լռածի հետ:

 

 ՎԼԱԴԻՄԻՐ ՖՅՈԴՈՐՈՎԻ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ

Վլադիմիր Ֆյոդորովն այն գրողներից է, ովքեր իրենք են իրենց ստեղծագործական ճակատագիրը կերտում։ Իսկ այն սկսվել է Ռուսաստանի հյուսիսային ամենահեռավոր երկրամասերից մեկում՝ Յակուտիայում, Մեծ գետ Լենայի ափին գտնվող մի փոքրիկ ձկնորսական գյուղում։

Այդ վայրերի «տայգյան համալսարաններն» ապագա գրողի ծննդյան առաջին իսկ օրերից սնել են բնության առեղծվածային գիտելիքներով, սովորեցրել են հասկանալ թռչունների ու գազանների ձայները, հողմերի երգն ու ձյունաթափերի շշունջը, որսորդական ու ձկնորսական գաղտնիքները, շփվել Հյուսիսի ուժեղ ու հասարակ մարդկանց հետ,– և այս ամենը ժամանակի ընթացքում սատարել է նրան՝ աստվածատուր ձիրքով ու սեփական ոճով ստեղծագործություններ կերտելու։

Երկրաբանի և լրագրողի՝ հետագայում ստացած մասնագիտությունները, ճամփորդության ձգտումն ու Ռուսաստանի և Սիբիրի պատմական անցյալի ընկալումն իրենց լուման են ներդրել Վլադիմիր Ֆյոդորովի  ստեղծագործության մեջ։

Երևի այդ իսկ պատճառով նա արագ բարձրաշարժ է կատարել Մոսկվայի գրական Օլիմպում՝ շատ քչերին հայտնի յակուտացի գրողից դառնալով բոլորի կողմից ճանաչված խոսքի վարպետ, ում վստահվեց Ռուսաստանի առաջատար գրական թերթերից մեկի ղեկավարությունը։

Այսօր Վլադիմիր Ֆյոդորովը 25 չափածո, արձակ ու հրապարակախոսական գրքերի, ինչպես նաև տասից ավելի բեմադրված պիեսների հեղինակ է։

Փոքրածավալ հոդվածում հնարավոր չէ վերլուծել և գնահատել դրանց գեղարվեստական արժեքը, նշանակությունն ու առանձնահատկությունները։ Այդ պատճառով սկզբում կընտրեմ Ֆյոդորովի՝ բանաստեղծական մի ամբողջ աշխարհ ներկայացնող բազմաթիվ չափածո ժողովածուներից մեկը։

Դժվար չէր նման ընտրություն կատարելը, քանի որ «Այսպիսին է հուսարական ճակատագիրը» գործը հեղինակի՝ յոթ տարի առաջ ինձ նվիրած և նույն օրն էլ ուշադրությամբ և հետաքրքրությամբ կարդացված նրա առաջին գիրքն է։ Վլադիմիրն այն ժամանակ նոր էր տեղափոխվել Մոսկվա և դարձել գրական թերթի գլխավոր խմբագիր՝ հռչակավոր և աղոթահագ Ռոստովների տանը, որտեղ կից առանձնասենյակում ես էի աշխատում որպես ազգային գրականությունների գծով քարտուղար։

Փոքրածավալ այս գրքույկը, որը նվիրված է 1812 թվականի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 200-ամյակին, ակներևաբար հաստատեց հեղինակի բանաստեղծական արտակարգ տաղանդը։  Թվում է, թե պատերազմի թեման սույն ժողովածուում պիտի գերակշռեր, սակայն բոլոր հերոսների և հենց իր՝ հեղինակի համար կարևորագույնը սիրո թեման է։ Ֆյոդորովը 1812 թվականի տարեգրության մեջ իր ներդրումն արեց, որը նշանավորվեց Ռուսական ուղղափառ եկեղեցու մեդալով։ Ճիշտ է, այդ, ինչպես նաև իր մյուս պարգևների մասին մեր ծանոթության ժամանակ նա չէր խոսում։

Առաջին իսկ օրերից ես Վլադիմիր Ֆյոդորովին ճանաչել և մեր գործընկերներին եմ ներկայացրել որպես իսկական ռուս բանաստեղծի, և իմ եզրահանգումների հաստատումն եմ ակնկալել մոսկովյան հռչակավոր գրողներից։

Մի անգամ ես և Վլադիմիրն արդի բանաստեղծությանը նվիրված ընկերական թեթև բանավեճ ունեցանք, համարյա միանվագ տալով մեր դարաշրջանի ռուս հռչակավոր բանաստեղծ, կյանքից անժամանակ հեռացած Յուրի Կուզնեցովի անունը։ Ընթացքում պարզվեց, որ մենք եղել ենք այն երջանիկներից, ովքեր ոչ միայն  մերձորեն շփվել, այլև ստեղծագործական փոխադարձ կապ են ունեցել նրա հետ։

Հենց Յուրի Կուզնեցովն է առաջինը նկատել երիտասարդ բանաստեղծ Վլադիմիր Ֆյոդորովի տաղանդը՝ 1979 թվականի վերջին Յակուտիայում տեղի ունեցած երիտասարդ գրողների խորհրդակցության ժամանակ։ Իսկ 1980 թվականի սկզբին հեղինակավոր «Լիտերատուրնայա ուչյոբա» ամսագիրը համամիութենական ընթերցողին ներկայացրեց Ֆյոդորովի բանաստեղծությունների շարքը՝ Յուրի Կուզնեցովի մանրակրկիտ ու բարյացակամ գրախոսականով։

Յուրի Կուզնեցովին լավ ճանաչողները գիտեն, թե նա որքան էր ժլատ իր գովասանքներում, իսկ այստեղ գրել էր. «Ֆյոդորովը հազվագյուտ շնորհք է... Անկասկած, այստեղ մեծ պոտենցիալ հնարավորություն է թաքնված...»։

Դասականի ի՜նչ հրաշալի կանխատեսություն։ Իսկ չէ որ սա գրվել է համարյա քառասուն տարի առաջ։

Ես այսօր կարող եմ միանշանակ հաստատել, որ Ֆյոդորովը ոչ միայն պոեզիայում է արդարացրել Յուրի Կուզնեցովի հույսերը, այլև լուրջ հաջողությունների է հասել նաև այլ ժանրերում։

«Գազանի ժամանակը» վեպը  – Ֆյոդորովի երկրորդ նվերը – առանձնահատուկ տեղ է գրավում նրա արձակ ստեղծագործության մեջ և իզուր չէ, որ «Յակուտական վանականի ոդիսականը» պիեսի հետ արժանացել է Ռուսաստանի մեծ գրական մրցանակին։ Այս՝ մի շնչում կարդացվող գիրքը լարվածության մեջ է պահում ընթերցողին, ինչը հատուկ է լավագույն արկածային վեպերին, թեև տվյալ ժանրին չի պատկանում։

Երևի գաղտնիքն այն է, որ գրողը, պատմելով պատահականության կամոք Հյուսիսային ցրտի մոտ՝ Վերխոյանիայի հեռավոր լեռներում հայտնված երկրաբանների և արջերի ճանապարհների ու ճակատագրերի անսովոր հատման մասին, վեպում միահյուսում է ռեալիզմի, միստիկայի և արկածի ժանրերը՝ արտահայտչամիջոցների հարուստ համերանգությամբ։   

Իմ խորին համոզմամբ, նման վեպ կարող է գրել նա, ով ոչ միայն հրաշալի տիրապետում է գրչին, այլև հյուսիսային վայրի բնության խորունկ գիտակ է ու փորձառու բնախույզ - այնպես նրբորեն ու համոզիչ է բացահայտում հեղինակը փաստորեն ստեղծագործության գլխավոր հերոսներ դարձած արջերի վարքագիծը։ Ընթերցողին չի լքում այն զգացողությունը, թե հեղինակն ինքն է ապրել վեպի շատ իրադարձություններն ու կենսաբախումները։ 

Եվ նա՝ ընթերցողը, չի սխալվում։ 

Ըստ իս, սա առաջին լուրջ փորձն է գեղարվեստորեն իմաստավորելու մարդու և վայրի բնության փոխհարաբերությունների բարդ ու հրատապ խնդիրները։

Հաճելի անակնկալ էր ինձ համար, որ երիտասարդ տարիներին Վլադիմիրը Յակուտիայի հրաձգության չեմպիոն է եղել, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Այնքան էլ դյուրին չէ առաջինը լինել Յակուտիայում, որտեղ համարյա բոլոր տղամարդիկ հմուտ որսորդներ են և հրաշալի են կրակում։ Եվ հեղինակի այս հատուկ՝ «հրաձգային» կենսափորձն էլ իր տեղն է գտել վեպում։

«Գազանի ժամանակն» այնպիսի ուժեղ տպավորություն թողեց, որ ես փորձեցի վերջին

30-40 տարվա ռուսական արձակում նման գործ գտնել՝ համեմատելու, սակայն չգտա մակարդակով մոտ կամ նրան հիշեցնող որևէ ստեղծագործություն։

Ֆյոդորովի երրորդ երկը, որի մասին չի կարելի չխոսել, «Մարիայի համաստեղությունը» պիեսն է, որը հրաշալիորեն թատերականացրել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր Անդրեյ Բորիսովը։

Ինձ բախտ է վիճակվել ներկա լինելու սույն ներկայացման մոսկովյան պրեմիերային, որը նվիրված էր Յակուտիան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 380-ամյակին։

Պիեսում երկու գլխավոր թեմաներ են միահյուսված. XVIII դարում Ռուսաստանի արկտիկական սահմանների առաջին հայտնագործողների հերոսությունն ու ինքնազոհությունը և այս բևեռային սագայի գլխավոր հերոսներ Մարիա և Վասիլի Պրոնչիշչևների մեծ ու նվիրական սերը։

Ֆյոդորովի պիեսը դրամատուրգիական հագեցվածությամբ, իրադարձությունների դինամիկ զարգացմամբ, պատմական հավաստիությամբ և քնարական ճոխությամբ մեծ հնարավորություններ է տվել բեմում իր երաժշտական-դրամատիկական մարմնավորման համար, ինչից առավելագույնս օգտվել է ոչ միայն ռեժիսորը, այլև տաղանդավոր ռուս երգահան Վիկտոր Կլիմինը. երաժշտությունը՝ նրբագեղորեն միահյուսվելով ներկայացումների հենքին, դարձել է նրա կարևորագույն բաղկացուցիչներից մեկը – նա մերթ մեղմ ու դյութիչ ուղեկցում է լիրիկական գործողության ընթացքը, մերթ զորակոչում շարաքայլային հեռավոր ռազմերթի՝ ի փառս Ռուսական պետության և Պետրոս Մեծի, մերթ էլ ցնցուն ու տխուր՝ վերջին ճանապարհով է տանում հերոսներին...

Ինձ համար հատկապես հաճելի է նշել, որ Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Վիկտոր Կլիմինը մեր մեծ երգահան Արամ Խաչատրյանի աշակերտն է եղել։

Ներկայացման երգերի բառերը գրել է ինքը՝ Վլադիմիր Ֆյոդորովը, հերթական անգամ ցուցադրելով իր պոետական տաղանդը։ Համոզված եմ, որ Ֆյոդորովի և Կլիմինի ստեղծած երգերն ինքնուրույն կյանք կունենան՝ իրենց բներից սավառնած «Պետրոս Մեծի թռչնակների» հանգույն, ներկայացման սահմաններից դուրս թևելով։

Պատմական թեման մոտ է ու հարազատ Ֆյոդորովին։ Եվ դրա վկայությունն են նրա բոլոր նախորդ ու հաջորդ դրամատիկական գործերը։

Տասնյակից ավելի ներկայացում է բեմադրվել ըստ նրա պիեսների, և ոչ միայն հարազատ Յակուտիայում, այլև Ռուսաստանում՝ ներառյալ Մոսկվան ու Սանկտ-Պետերբուրգը։ 

ՈՒշադրությամբ ծանոթանալով վերջին տասնամյակների յակուտական գրականությանը, ես այն եզրահանգմանն եմ եկել, որ գրող Վլադիմիր Ֆյոդորովն իր բազմակողմանի տաղանդով նշանակալի ավանդ է ներդրել նրա բոլոր ժանրերի՝ և՛ պոեզիայի, և՛ արձակի, և՛ դրամատուրգիայի, հատկապես վերջինի՛ս զարգացման մեջ՝ հասնելով բարձրագույն հաջողությունների։  Ես նրան Մելպոմենեին արժանի ընծաներ մատուցած ժամանակակից յակուտական Շեքսփիր կանվանեի։

Դասականներից մեկը ճշմարտացիորեն նկատել է, որ «գրողը կենսագրություն պիտի ունենա»։ Ֆյոդորովի հարցում ամեն ինչ կարգին է դեռ նրա մանկությունից, երբ առաջինն աշխարհ եկավ հենց նոր պաշտոնական կարգավիճակ ստացած յակուտական Տաս-Տումուս գյուղակում՝ արժանանալով ծննդյան թիվ 1 վկայականին։

Երիտասարդ տարիներին նա, որպես երկրաբան, ոսկի է փնտրել Սառուցյալ օվկիանոսի ափին, ադամանդներ՝ Արևմտյան Յակուտիայի կիմբերլիտային «խողովակներում», զմրուխտներ՝ Ցրտի բևեռի մոտ,  ոտքերով չափել է տխրահռչակ «Կոլիմա» ուղին, հասուն տարիներին չորս անգամ եղել է Աֆրիկայում, հպվել Գրենլանդիայի հավերժական սառույցներին, թափառել Կամբոջիայի ջունգլիներում, անցել Ալյասկայի «ոսկե տենդի» հերոսների արահետներով...

Նա ունի հիշելու և պատմելու բան...  

Ավարտելով «Անձրևի մեղեդին» համակրելի վերնագրով ժողովածուի վերջաբանը, ես ուզում եմ ընդգծել այս երկլեզվյան հրատարակության արտակարգությունն ու բարի խոսքով նշել թարգմանչին։

Ես հնարավորություն եմ ունեցել ուշադիր հետևելու ապագա գրքի ստեղծման ամբողջ գործընթացը։ Եվ տեսել եմ, թե ինչպես է հիանալի կերպով իր աշխատանքը կատարել Արտավազդ Սարեցյանը – խոսքի հայտնի վարպետը, երկու՝ Աբխազիայի և Հայաստանի գրողների միությունների անդամն ու իմ մայրենի լեզվով գրական թերթի գլխավոր խմբագիրը։ Կարդալով Ֆյոդորովի բանաստեղծությունների Սարեցյանի առաջին  թարգմանությունները, ես՝ հաճելիորեն զարմացած, հայտնեցի Վլադիմիրին, որ թարգմանությունները կատարված են բարձրարվեստ մակարդակով։ Թարգմանիչը կարողացել է գեղեցիկ ու հարուստ հայերենով առավելագույնս պահպանել հեղինակի պատկերավոր մտածողությունը, ոճն ու գլխավոր գաղափարները։

Բոլոր թարգմանությունները կարդացվում են թեթև ու բանաստեղծական հնչեղությամբ՝ մեկ անգամ ևս վկայելով Արտավազդ Սարեցյանի վարպետությունը։

Պոեզիայի երկրպագու մեր հայրենակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում նրան։ 

Ես կարծում եմ, որ «Անձրևի մեղեդին» նոր էջ կբացի ռուս-հայկական  գրական կապերի հարուստ պատմության մեջ։

ԱԼԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ,

Ռբգա ակադեմիկոս,

Հայաստանի և Ռուսաստանի

մշակույթի վաստակավոր գործիչ,

Ռուսաստանի գրողների միության

քարտուղար

 

ՀՐԱՇԱԼԻ ՆՎԵՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Տաղանդավոր բանաստեղծ ու թարգմանիչ Արտավազդ Սարեցյանի հետ  ծանոթացել եմ 1978 թվականին, երբ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո բնակություն հաստատեցի Աբխազիայի լեռնային Ծեբելդա գյուղում:

Հանդիպում էինք Սուխումի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, որտեղ իր պարապմունքներն էին անցկացնում աբխազահայ գրողների «Համշեն» (որը հետագայում կոչվեց «Սևծովյան այգաբաց») գրական միավորման մասնակիցները ԽՍՀՄ գրողների միության անդամներ Արշավիր Ջիդարյանի, հետո Հակոբ Գուրունյանի, ապա Անդրանիկ Բահարյանի ղեկավարությամբ։

Դեռ այն ժամանակ սկսնակ բանաստեղծ Արտավազդ Սարեցյանը լրջորեն զբաղվում էր թարգմանությամբ՝ հայ ընթերցողի դատին հանձնելով աբխազ գրականության դասականներ Դըրմիտ Գուլիայի, Շալուա Ծըյջբայի և այլ ականավոր բանաստեղծների ստեղծագործությունները։ Ժամանակի ընթացքում ընդլայնվեց թարգմանվող հեղինակների շրջանը. Բագրատ Շինկուբա, Իվան Թարբա, Օսիպ Մանդելշտամ, Աֆանասի Ֆետ, Իվան Բունին, Եվգենի Եվտուշենկո, Գալինա Կլիմովա... Թարգմանությունները տպագրվում էին «Գարուն» ամսագրում, «Սովետական Վրաստան» թերթում, «Կամուրջ» ալմանախում, ինչպես նաև Հայաստանի գրողների միության «Գրական Համշեն» տարեգրքում, որը լույս տեսավ Երևանում 2016 թվականին պետական պատվերով։

Ըստ արժանվույն գնահատվեց Արտավազդ Սարեցյանի թարգմանչական աշխատանքը. նա պարգևատրվեց պետական պարգևներով, այդ թվում՝ «Վիլյամ Սարոյան»  և «Մայրենիի դեսպան» մեդալներով։

Եվ ահա այսօր նա ընթերցողի դատին է հանձնում յակուտացի ռուս բանաստեղծ Վլադիմիր Ֆյոդորովի «Անձրևի մեղեդին» գիրքը, որի բանաստեղծությունները հրաշալի «խոսեցին» նաև հայերեն.

Ես բաց եմ թողնում նրանց՝ թռչելո՜ւ՝

Համրացած կապույտ անդունդի եզրին։

Եվ հավատում եմ. նրանք՝ կազմած չու՝

Հոգիս կտանեն աստղաբույլերին։

Վերին  կամոք հանդիպեցին հետաքրքիր բանաստեղծն ու թարգմանիչը, որոնք կյանքի ոչ դյուրին ճանապարհ են անցել՝ կարծես իրենց  ճակատագրով հաստատելով բանաստեղծի իմաստուն խոսքը.

Վաղուց է հայտնի մեզ այնքա՜ն հաստատ,

Որ պետք չէ հարցնել ոչ մի կախարդի.

Ինչքան պոետի համար լինի վատ,

Կլինի այնքան լա՛վ՝ նրա երգի՜...

...Եվ երբ կբռնի իր վերջին ճամփան,

Բարձրյալը մի բուռ Զվարթ բառ կտա

Ի խորոց սրտի՝ Լուսաջինջ Նրա՛ն՝

Իր Լավագույնին Ամենաընտրյալ։

«Անձրևի մեղեդին» գեղեցիկ նվեր է հայ ընթերցողին, որն անպայման կտեսնի ու կզգա հյուսիսային բնության խստաշունչ գեղեցկությունը, որն անսահման մոտ է և՛ բանաստեղծի, և թարգմանչի սրտին ու հոգուն։

ԱԼԵՔՍԱՆ ԳՈՄՑՅԱՆ,

Հայաստանի գրողների

միության անդամ

 

 Նոր երկխոսության ծնունդը

 Մի օր ցանկացանք հասնել առեղծվածին աստվածային Բանի ու Արարչի զայրույթը շարժեցինք: Հիմա «բառ առ բառ» փորձում ենք վեր հանել սյուները Բաբելոնյան աշտարակի:

Այլ տառապանք է սա. թարգմանական արվեստը տարբերվում է ստեղծագործական գործընթացից: Լեզվական տարբերությունների շնորհիվ, թարգմանչի դիմաց ծառանում են այլ արգելքներ...

Պիտի խոստովանեմ, որ  Արտավազդ Սարեցյան թարգմանիչի հետ (բանաստեղծին գիտեի վաղուց) մի քանի տարի առաջ եմ ծանոթացել՝ երբ կազմում էի Յուգրայի ռուս գրողների թարգմանական ժողովածուն: Պատահականություն չփնտրե՛լ այստեղ, քանի որ հայ գրականության մեջ թարգմանական դպրոցը դարերի վաստակ ունի, հրաշալի թարգմանիչներ, որոնք աշխատել են ի փառս հայ և համաշխարհային գրականության:  Հինգերորդ դարից սկսած այս շղթան ամրագրելով իր հաջորդական օղակը՝ դարեր է կապում իրար և գրականությամբ ամրապնդում մարդկության կապող օղակը: Հատկապես շեշտել եմ ցանկանում թարգմանչի խոստովանությունը. « ...Հրաշալի բանաստեղծությունների գայթակղիչ ընթերցանությունը...», ահա թե ինչպե՜ս, ի՜նչ ճանապարհով են հոգիները կապվում միմյանց. ամենևին էլ կարևոր չէ, թե ով ում է գտել, էականը՝ «երկխոսությունն» է, որն սկսել է հրաշալի հայ բանաստեղծ, թարգմանիչ Արտավազդ Սարեցյանը՝ ռուս բանաստեղծ Վլադիմիր Ֆյոդորովի հետ. այդ բանաստեղծությունները հիմա հնչում են հայերենով և հայ ընթերցողը հնարավորություն ունի զմայլվելու ֆյոդորովյան տողերի մեղեդայնությամբ:

  ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ,

բանաստեղծուհի, թարգմանչուհի,

Հայաստանի գրողների միության անդամ